ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հրաչ Մուրադյանին ՀՅԴ-ն չի մոռացել

Հրաչ Մուրադյանին ՀՅԴ-ն չի մոռացել
04.10.2013 | 16:15

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրության շուրջ բարձրացված աղմուկը վերաբերում էր «դեմ» քվեարկությանը և ստվերեց շատ ավելի էական և անպատասխան մնացած հարցեր: Եթե «Հայ ազգային կոնգրես» և «ժառանգություն» խմբակցությունները խոստացել էին, որ դեմ են քվեարկելու, իսկ հետո էլ հայտնվել էին անհեթեթ իրավիճակում՝ միմյանց մեջ փնտրելով դավաճանների, քանզի տասը հոգուց երեքն էին դեմ քվեարկել, ապա ՀՅԴ-ն դիվանագետ էր գտնվել և խոստացել ազատ քվեարկություն: Եվ հիմա ոչ ոք ՀՅԴ-ից հաշիվ չի պահանջում, թե ոնց է քվեարկել, վստահո՞ւմ է նորաթուխ գլխավոր դատախազին, թե՞ ոչ:

Այս տարվա ապրիլի 2-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, չպարզված հանգամանքներում սպանվեց դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը, որը նաև ազատամարտիկ էր: Դրանից հետո գյուղում ստեղծվեց լարված իրավիճակ, քանի որ պռոշյանցիները «կարմիր քարտ» էին ցույց տալիս ՀՀԿ-ական գյուղապետի դրածո պաշտոնակատարին: ՀՀԿ-ն, այնումենայնիվ, հաղթեց գյուղապետի ընտրություններում՝ այլ թեկնածուի տեսքով: Նախկին գյուղապետի հետ աշխատած գյուղապետարանի մի քանի աշխատակիցներ հրաժարվեցին աշխատելուց նոր՝ ՀՀԿ-ական գյուղապետի հետ և սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Մինչ այդ և դրանից հետո էլ ՀՅԴ-ականները հայտարարում էին, որ հետամուտ են լինելու իրենց սպանված կուսակցի գործի բացահայտմանը՝ գտնելով, որ սպանության մեղադրանքով ձերբակալվածները իրական մեղավորները չեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քանիցս Պռոշյանում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից, ինչին հետևում էին ՀՀԿ-ական պաշտոնյաների ստանդարտ, ոչինչ չասող պատասխանները:
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնից հեռացավ, ի թիվս այլ չբացահայտված սպանությունների, նաև Հրաչ Մուրադյանի չբացահայտված սպանության բեռով:
Հիմա ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն նորանշանակ գլխավոր դատախազից դաշնակցական գյուղապետի սպանության բացահայտման հարցում:
«Գլխավոր դատախազի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկել, արծարծել ենք նաև Հրաչ Մուրադյանի սպանության հարցը: Եվ, քանի որ գլխավոր դատախազությունը վերահսկողություն է իրականացնելու նախաքննական մարմնի համակարգում, մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ծանոթանա գործի մանրամասներին և մեզ հետ ունենա հանդիպում»,- մեր հարցին այսպես արձագանքեց Աղվան Վարդանյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ